Սեյրան Օհանյանը հանդիպել է Անատոլի Սերդյուկովի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել երկու երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական համագործակցության խնդիրներին, ինչպես նաեւ այս բնագավառներում ձեռքբերումներին:

Նախարարների հանդիպում-առանձնազրույցին զուգահեռ տեղի է ունեցել նաեւ հանդիպում պատվիրակությունների կազմով:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Ռուսաստան է մեկնել երեկ: