Եվրադատարանը որոշում կայացրեց «Ա1 պլյուս»-ի օգտին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ որոշեց, որ «Ա1 պլյուս» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Նրա վկայությամբ՝ Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի կառավարությունը որպես բարոյական վնասի հատուցում պետք է վճարի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի դիմաց` 10 հազար եվրո:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պարզապես հայտարարել է մրցույթում հաղթող ընկերության անունը` առանց բերելու փաստարկներ, թե ինչու է հաղթել հենց այդ ընկերությունը եւ ոչ «Մելտեքս»-ը [որի կազմի մեջ է մտնում «Ա1 պլյուս»-ը]», - ասված է Եվրադատարանի որոշման մեջ: - «Ուստի «Մելտեքս»-ը եւ ընդհանուր առմամբ հանրությունը չէին կարող տեղեկանալ, թե ինչ հիմքի վրա է ՀՌԱՀ-ը կիրարկել լիզենցիայի տրամադրումը մերժելու իր իրավունքը»:

Դատարանը գտել է, որ «ընթացակարգը, ըստ որի լիցենզիա տրամադրող մարմինը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումները, չի ապահովում խոսքի ազատության հիմնարար իրավունքի համարժեք պաշտպանությունը հանրային մարմնի կամայական միջամտությունից»:

«Դատարանը եզրակացրել է, որ «Մելտեքս»-ի` տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը` մասնավորապես յոթ անգամ մերժելով հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին` ի խախտումն 10-րդ հոդվածի»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տիգրան Տեր-Եսայանը, դատարանի որոշման կատարման հարցը հսկողության տակ է առնելու Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն. - «Նախարարների կոմիտեն հետեւողական է լինելու, որ «Ա1 պլյուս»-ի իրավունքը վերականգնվի: Տարբերակն այն է, որ նորից հայտարարվի հաճախության մրցույթ, եւ, բնականաբար, «Ա1 պլյուս»-ը կմասնակցի այդ մրցույթին… Տարբերակները տարբեր են լինելու. կարող են լինել օրենսդրական փոփոխություններ, ասենք` Նախարարների կոմիտեն առաջարկի փոփոխության ենթարկել մեր պետական օրենսդրությունը, եւ մի շարք այլ գործընթացներ առաջարկի»:

«Ա1 պլյուս» հեռուստակայանը եթերազրկվել է 2002 թվականին՝ նախագահական ընտրություններից առաջ: Դրանից հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մինչ օրս Հայաստանը դասում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվին, այնինչ մինչեւ անկախ հեռուստակայանի փակումը Հայաստանը մասնակիորեն ազատ պետությունների շարքում էր:


Կարինե Քալանթարյան