Վենետիկի հանձնաժողովում սկսվել է հանրահավաքների մասին ներկայումս Հայաստանում գործող օրենքի քննարկումը

Այսօր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովում սկսվել էՀայաստանում արտակարգ դրության ժամանակ՝ մարտի 17-ին «Հավաքների, երթերի, ցույցերի եւ հանրահավաքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների քննարկումը: Փոփոխությունները շատ խիստ պայմաններ են սահմանել հանրահավաքների կազմակերպիչների համար:

Երկօրյա քննարկումների արդյունքում Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը երկուշաբթի օրը կհրապարակեն իրենց համատեղ եզրակացությունը:

Հետընտրական շրջանում «Հավաքների, երթերի, ցույցերի եւ հանրահավաքների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին` սահմանափակելով հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունները: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջներից մեկով` այդ փոփոխությունները եւ լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:

Այս շաբաթ խորհրդարանը մեղմացրեց հանրահավաքների եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման պայմանները: Խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. - «Շարունակական քննարկումներ են եղել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ... բոլոր փոփոխությունների առումով մենք ունենք դրական եզրակացություն»:

Այդուհանդերձ, մինչ այժմ Հայաստանում գործում է արտակարգ դրության ժամանակ ընդունված փաստաթուղթը:

Հունիսի 16-17-ը Հայաստան են այցելելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն ու Ջոն Պրեսկոտը: Այցի նպատակը գնահատելն է, թե որքանով են կատարվել Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի պահանջները:

Այցելության ընթացքում համազեկուցողները հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, կոալիցիայում ընդգրկված եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Համազեկուցողները հանդիպումներ են ունենալու նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում` Lեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Նախատեսված են համազեկուցողների հանդիպումները ընտրական օրենսդրության բարեփոխումներով զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ձերբակալված ընդդիմադիր գործիչների փաստաբանների հետ:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում նշված է, որ եթե հանդիպումների արդյունքում համազեկուցողները եզրակացնեն, որ բավարար առաջընթաց չի արձանագրվել, ապա հնարավոր է, որ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում հունիսի 25-ին արտահերթ քննարկումներ անցկացվեն Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության շուրջ:


Հրաչ Մելքումյան, Պրահա