«ԵԱՀԿ-ի որոշ երկրներում առկա է ընտրական չափանիշներին համապատասխանելու ճգնաժամ»

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱԿ/ԺԳՄԻԳ) տնօրեն, ավստրիացի դեսպան Քրիստիան Շտրոհալն այսօր Վիեննայում ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստում ասել է, որ իշխանությունների ապօրինի միջամտությունն ընտրություններին վկայում է Եվրոպայի որոշ շրջաններում ընտրական չափանիշների ճգնաժամի մասին:

«Կոմունիզմի տապալումից 20 տարի անց պահպանվել են մարդու իրավունքներին սպառնացող վտանգները, դրանց թվում ընտրակեղծիքները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ազատ խոսքի, հավաքների եւ մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումները», - ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի որոշ երկրներում առկա է ընտրական չափանիշներին համապատասխանելու ճգնաժամ:

«Այս եւ նոր մարտահրավերների եւ դրանց վերաբերյալ ոչ համարժեք պատասխանների (կամ դրանց՝ ոչ համարժեք պատասխանների) համատեքստում ոմանք ուզում են հանգել այն եզրակացության, որ ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է», - ասել է Քրիստիան Շտրոհալն ու հավելել. - «Բայց ես հակառակ կարծիքի եմ. այն դեպքերում, երբ ԵԱՀԿ-ի որոշ անդամ-երկրներ թերացել են իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում, հենց ԵԱՀԿ-ն եւ դրա հաստատությունները, մասնավորապես, ԺՀՄԻԳ-ը, բացահայտել են թերությունները եւ իրենց աջակցությունն են առաջարկել պետություններին այդ պարտավորությունները կատարելու գործում»:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեսպան Քրիստիան Շտրոհալն ավարտում է իր հնգամյա աշխատանքը ԺՀՄԻԳ-ի տնօրենի պաշտոնում: Այս տարվա հունիսի 30-ին նրան կփոխարինի 3անեշ Լենարչիչը Սլովենիայից:


Արմեն Քոլոյան, Պրահա