ՀՀՇ-ի վարչության նախագահը վստահ է, որ իրենք «մեկուսացվել են քաղաքական հայացքների համար»

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ հետընտրական շրջանում մարդկանց մեծ մասը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով:

Զուրաբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված` «պետական իշխանությունը յուրացնելու» եւ «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: Հարցին, թե ձերբակալությունից հետո ինչ քննչական գործողություններ են կատարվել եւ մեղադրանք առաջադրելիս քննիչներն իրեն ասե՞լ են, թե կոնկրետ ինչ հանցանքի համար է ինքը գրեթե երեք ամիս պահվում անազատության մեջ, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. - «Մեզ չեն ձերբակալել նրա համար, որպեսզի քննչական գործողություններ կատարեն. մեզ ձերբակալել են նրա համար, որպեսզի մեկուսացնեն այն հասարակությունից, որը շատ ժամանակ գնում է մեր հետեւից: Եվ կարծում եմ, որ դա [իրենց ձերբակալությունը] որեւէ դեր չի խաղալու, եւ կարճ ժամանակ հետո իրենք կհամոզվեն դրանում»:

Նրա խոսքով, իրավական խնդիրներ քննարկելը շեղում է «բուն քաղաքական թեմայից». - «Այստեղ մարդիկ են, որոնք մեկուսացվել են միայն իրենց քաղաքական հայացքների, իրենց քաղաքական գործունեության համար, որովհետեւ վտանգված է եղել այն իշխանությունը, որը ի սկզբանե ապօրինի է, եւ այդ ապօրինի իշխանությունը հաշվեհարդարի այս ձեւն է ընտրել: Մենք ընդունել ենք այս խաղի կանոնները, որովհետեւ չենք պատրաստվում թողնել Հայաստանը կամ մի կողմ կանգնել այս պրոցեսներից»:

«Յուրաքանչյուր մարդ, որ զբաղվում է քաղաքականությամբ, ցանկացած սցենար իր աչքի առաջ ունի, նաեւ` այս [անազատության մեջ գտնվելու] սցենարը... Այն ճանապարհը, որը մենք ենք ընտրել, դա հեշտ ճանապարհ չէ, եւ ինչ-որ մի պահի մենք հասնելու ենք նրան, ինչի մասին երազել ենք տարիներ շարունակ», - ասաց Արարատ Զուրաբյանը: - «Ես կարծում եմ, որ շարունակելու եմ իմ գործունեությունը անկախ նրանից` կլինեմ ազատության թե անազատության մեջ, որովհետեւ Հայաստանում դա շատ հեղհեղուկ հասկացություն է, Հայաստանում ոչ ոք չգիտի` ինքը ազատությա՞ն մեջ է, թե՞ անազատության, ինքը հասարակությունը անազատ է»:

ՀՀՇ-ի վարչության նախագահը գտնում է, որ Հայաստանում «շատ նորմալ պրոցեսներ են ընթանում». - «Իշխանություններ ստիպված են լինելու գնալու երկխոսության: Ընդ որում, երկխոսության հիմքում հետեւյալն է ընկած լինելու. նրանք «փաթեթո՞վ», թե՞ «փուլերով» են թողնելու իշխանությունը... Կարծում եմ, որ այսօրվա Հայաստանը դա մեկ տարի առաջվա Հայաստանը չէ: Եվ համոզված եմ, որ մեկ տարի հետո Հայաստանը կլինի լրիվ ուրիշ»:


Կարինե Քալանթարյան