Բակո Սահակյան. «Ադրբեջանի ռազմականացումը մեզ վրա հոգեբանական ազդեցություն չի գործում»

«Ադրբեջանի ռազմականացումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը մեզ վրա հոգեբանական ազդեցություն չեն գործում», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ռուսաստանյան «ՌԲԿ դեյլի» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա համոզմամբ` «ուժի կիրառումը բազմաթիվ մարդկային զոհերի կհանգեցնի երկու կողմից էլ, սակայն չի լուծի Ղարաբաղի խնդիրը»:

«Նախ եւ առաջ` տարածաշրջանում գոյություն ունի ուժերի արդյունավետ հավասարակշռություն: Երկրորդ` մեր հանրապետության զինված ուժերը իր վիճակի են ոչ միայն հետ մղել Ադրբեջանի ագրեսիան: Անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն նրա տարածքի խորքերը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը եւ հավելել. - «Եվ ագրեսիայի դեպքում մենք անպայման այդպես կվարվենք, քանի որ անվտանգության գոտու ընդլայնումը մեր ժողովրդի համար խաղաղություն ապահովելու միակ միջոցը կլինի»:

Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի ներկայիս պահվածքի պայմաններում փոխզիջման հասկացությունն իսկ անհնար է դառնում». - «Մենք վստահ ենք մի բանում` հարցը չպետք է լուծվի միակողմանիորեն: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանը հարգում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Առայժմ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչում են սպառնալիքներ մեր պետության հասցեին, նրանք սպառնում են երկրի երեսից վերացնել Ղարաբաղը եւ ղարաբաղցի ժողովրդին: Նման պայմաններում փոխզիջման հասկացության կիրառումն իսկ անհարկի է»:

Հավաստիացնելով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն բացառում ադրբեջանցի փախստականների վերադարձը, Սահակյանը, միաժամանակ, հավելել է. - «Մենք վստահ ենք, որ մինչեւ հարցի քաղաքական լուծումը դա ուղղակի չի կարելի անել: Չմտածված գործողություններով մենք փախստականների այդ կոնտինգենտին կարող ենք հանգեցնել նոր ողբերգական հետեւանքների: Պետք է նաեւ ներդաշնակեցնել ադրբեջանցի փախստականների հարցը հայ փախստականների հարցի հետ: Սակայն այսօր այն դիտարկվում է միակողմանիորեն: Բնականաբար, դա մեզ չի բավարարում»:

«Ձեզ համար ընդունելի համարո՞ւմ եք անկախության ճանաչման Կոսովոյի սցենարը», - այս հարցին Լեռնային Ղարաբաղի նախագահը արձագանքել է. - «Կոսովոյի միջազգային ճանաչումը իրավական տեսանկյունից, անշուշտ, ստեղծում է նախադեպ: Մենք ուղղակիորեն չենք կապում Կոսովոյի անկախության ճանաչումը Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Սակայն եթե Կոսովոյի անկախության ճանաչումը կօգնի Ղարաբաղի ճանաչմանը, մենք, անկասկած, միայն ուրախ կլինենք»: