Նախկին ազատամարտիկները շարունակում են հացադուլը Եռաբլուրում

15 նախկին ազատամարտիկներ շարունակում են անժամկետ հացադուլը, որը սկսել էին մայիսի 27-ին Եռաբլուրում: Նրանց հիմնական պահանջները «քաղբանտարկյալներին» ազատ արձակելն է եւ ԵԽԽՎ-ի` Հայաստանին վերաբերող բանաձեւի պահանջների կատարումը:

Երեկվանից հացադուլավորներին մեկօրյա նախազգուշական հացադուլով միացել են «Հայոց կանանց շարժում» կազմակերպության 3 անդամներ` Սոնա Սեւոյանը, Գայանե Գալստյանը եւ Անահիտ Գրիգորյանը:

Անահիտ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ քայլին դիմել են այն բանից հետո, երբ երեւանյան թերթերից մեկը գրեց, թե «ազատամարտիկները պղծում են Եռաբլուրը»:

«Ես չգիտեմ, թե արդեն ուր կարող է հասնել նրանց երեւակայությունը… Շատ լավ է, որ նրանք [հացադուլավոր նախկին ազատամարտիկները] մեր կողքին են: Բայց չէ որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր այնտեղ պառկած լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անահիտ Գրիգորյանը:

Նախկին ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Վարդան Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հանուն ինչի՞ ենք մենք վիրավորվել` այս երկրի, այս հող ու ջրի համար: Ոչ թե այսօրվա բռնապետության համար: Մենք հաղթել ենք, վիրավոր ենք եղել, իսկ իրենք թքած ունեն, այդպիսի տղերքին նստացնում են»:

Միաժամանակ, Հայոց համազգային շարժման վարչության շենքի մոտ այսօր հացադուլ են սկսել ՀՀՇ-ի վարչության անդամներ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Պահանջը` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանձեւի պահանջների անվերապահ կատարումն է:


Ռուբեն Մելոյան