Վրաստանում Եվրամիության երկրների դեսպանները այցելում են Աբխազիա

Վրաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ 15 երկրների դեսպաններ այսօր երկօրյա այցով մեկնում են Աբխազիա: Նրանք հանդիպումներ են ունենալու եւ բանակցություններ են վարելու Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշի, ինչպես նաեւ վարչապետի ու արտգործնախարարի հետ:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնել են, որ նախատեսված է նաեւ դիվանագետների խմբի այցելությունը Գագրա ու Գալիի շրջան:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` դիվանագետների այցի նախօրեին Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ Աբխազիան չի միանա Վրաստանին, եթե նույնիսկ դա ասեն Եվրամիությունը, ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն:

«Ոչ ոք չի համոզի Աբխազիային փոխել իր դիրքորոշումը: Մենք այդ հարցը չենք քննարկի», - ասել է Բաղապշը` հավելելով, թե Եվրամիությունը փորձում է ավելի ակտիվ դեր խաղալ բանակցություններում, փորձելով գործընթացից դուրս մղել Ռուսաստանին, սակայն Սուխումին կարծում է, որ միայն Ռուսաստանը կարող է օգնել հակամարտությունը լուծելու համար:

Աբխազական «Ապսինպրես» լրատվական գործակալության վկայությամբ` Սերգեյ Բաղապշը ասել է, թե եվրոպացի դիվանագետներին փոխանցելու է, որ Վրաստանի հետ բանակցությունները վերականգնելու հարցում Սուխումիի դիրքորոշումը մնում է նույնը. - «Բանակցային գործընթացը վերսկսելու համար Վրաստանը պետք է իր բոլոր զինված կազմավորումները դուրս բերի Կոդորի կիրճից եւ խաղաղության համաձայնագիր ստորագրի»:

Երկու օր առաջ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուր Յակոբաշվիլին ասել էր, որ Վրաստանը ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը կստորագրի միայն այն դեպքում, եթե սկսվի փախստականների ու հարկադրված տեղահանվածների վերադարձը Աբխազիա:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոտե Գաբաշվիլին «Կովկասպրես»-ին հայտնել է, որ վրաց - աբխազական հակամարտության կարգավորման խնդիրը քննարկելու համար հունիսի 6-ին Վրաստան, նաեւ Աբխազիա է այցելելու Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:


Հրաչ Մելքումյան, Պրահա