Աշխատանքից ազատված դիվանագետների հայցը մերժվեց

Վարչական դատարանը երեկ մերժեց արտգործնախարարության 4 նախկին աշխատակիցների հայցը ընդդեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության` համապատասխանաբար մերժելով նաեւ նախկին պաշտոններում վերականգնելու եւ կրած վնասները փոխհատուցելու պահանջը:

Արտգործնախարարության աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով հեռացվել էին աշխատանքից, երբ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, հանդես էին եկել հայտարարությամբ` դատապարտելով ընտրակեղծիքները: Հայտարարությունը դիտվել էր իբրեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խախտում:

Վարչական դատարանը գտավ, որ արտգործնախարարության այդ աշխատակիցները իսկապես խախտել են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, քանի որ «քաղաքական հայտարարություն են արել, ինչի իրավունքը չունեին»:

«Դատարանը գտնում է, որ ի թիվս այլ սահմանափակումների, դիվանագետին օրենքով արգելված է նաեւ դիվանագիտական դիրքն օգտագործել կուսակցությունների շահերի համար, ինչպես նաեւ քաղաքական գործունեություն իրականացնելու համար», - ասված է որոշման մեջ, որը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Հովսեփ Բեդեւյանը: - «Դատարանը գտնում է, որ հայցվորների տարածած հայտարարությունն իր բնույթով քաղաքական գործունեություն է, քանի որ ուղղված է քաղաքական գործընթացներին վերաբերող հարցերի... Դատարանը գտնում է, որ նշված հայտարարությունը հայցվորները ստորագրել են ոչ որպես սովորական քաղաքացիներ, այլ, իրենց ստորագրություններին կից նշելով իրենց պաշտոնները, հանդես են եկել որպես հայտարարությունը ստորագրող պաշտոնատար անձինք... Հայցվորները աշխատանքից ազատվել են ոչ թե քաղաքական կարծիք ունենալու, այլ այդ կարծիքը իրենց ծառայողական դիրքն օգտագործելու միջոցով տարածելու համար, ինչն արգելված է օրենքով, քանզի վերջիններս հանդիսացել են պետական ծառայության մեջ ներգրավված անձինք»:

Դատավճռի հրապարակումից հետո արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդար չի համարում դատավճիռը, եւ որ իրենց հայցը մերժվել է «արտգործնախարարության ճնշման ներքո». - «Իմ կարծիքով, դատարանը տեղի տվեց այն ճնշումներին, որ դատարանի վրա վստահաբար գործադրեցին գործադիր իշխանական մարմինները, մասնավորապես արտգործնախարարությունը»:

«Շարունակում ենք պնդել, որ դա [իրենց հայտարարությունը] քաղաքացիական դիրքորոշում է եղել, եւ հիմնական միտքը եղել է այն, որ մենք կոչ ենք արել այն ժամանակվա լարված իրավիճակում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից», - հավելեց նա:

Կարապետյանը ասաց նաեւ, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, սակայն վերջնական որոշումը կկայացնի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո:


Ռուզաննա Ստեփանյան