Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

Նիստում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատման փաստաթուղթը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԱԳԳԾ-ն որպես Դաշինքի հետ համագործակցության առաջնորդող ձեւաչափ: Նա ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին է ներկայացրել եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ:

Հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերություները իր հարեւանի հետ, ինչը նաեւ բխում է ԱԳԳԾ-ում ամրագրված դրույթներից:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում բարեփոխումների ընթացքը, ռազմական անվտանգության ռազմավարական վերանայման ոլորտում ձեռնարկվելիք քայլերը, փոխգործունակ կարողությունների զարգացման ուղղված միջոցառումները: Նա անդրադարձ է կատարել նաեւ պաշտպանական բնագավառի օրենսդրական փոփոխություններին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները նշել են, որ Հայաստանը նախատեսված ժամկետներում կատարել է ԱԳԳԾ-ով համաձայնեցված նպատակները, եւ իրենց երկրների անունից պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:

Գնահատման արդյունքների հիման վրա կձեռնարկվեն քայլեր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում համապատասխան լրամշակում կատարելու նպատակով:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաոդիո Բիզոնիերոյի հետ:

Վաղը Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա այցով կմեկնի Մոսկվա:


(Լուսանկարը` արտգործնախարարության)