Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները գործուն քայլեր են ակնկալում միջազգային կազմակերպություններից

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները այսօր իրենց բաց նամակը փոխանցեցին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակին, ինչպես նաեւ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:

Նամակը հասցեագրված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, ազգային անվտանգության ծառայության պետին, գլխավոր դատախազին, Լեռնային Ղարաբաղի նախագահին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ Հայաստանում Լիբանանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններին:

Փաստաթղթի հեղինակները Հայաստանի իշխանություններից պահանջում են «դադարեցնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ շարունակական բնույթ կրող քաղաքական հալածանքները», նրան տրամադրել Հայաստանում բնակվելու իրավունք, իսկ միջազգային կազմակերպություններից` «անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել` կանխելու ժողովրդավարություն կերտող հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի հանդեպ քաղաքական այլախոհության պատճառով Հայաստանի ղեկավարության կողմից չդադարող հետապնդումները, ինչպես նաեւ թույլ չտալ Հայաստանից Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի վտարումը, քանզի դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»:

Սեֆիլյանը 1 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել ապօրինի զենք պահելու եւ կրելու մեղադրանքով: Հունիսի 9-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Նա Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով երկրի իշխանություններին դիմել է երեք անգամ եւ ամեն անգամ մերժվել է: Իսկ օրերս ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով Սեֆիլյանին արտաքսել Հայաստանից:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության եւ Սեֆիլյանին զորակցող կոմիտեի անդամ Արմեն Աղայանը Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք դրա [բաց նամակի] անգլերեն տարբերակը բերել ենք հիմա հանձնենք Եվրախորհրդի համապատասխան օղակներին` իրենց ներկայացուցչության միջոցով: Խնդիրը կապված է Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու` իշխանությունների ծրագրերի հետ, մասնավորապես, նրանց այդ գործողությունները անկհայտ անօրինական են: Մեր խնդիրն է` բացի փաստաբանական միջոցներով դատարանում այդ հարցը ներկայացնելուց, նաեւ միջազգային օղակներին, հայաստանյան իշխանության մարմիններին նախապես այդ հարցին տեղեկացնել, որպեսզի հետո խոսակցություններ չլինեն, թե` «մենք չենք իմացել, չգիտությամբ ենք դա արել»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փոխանցեց նամակը Եվրախորհրդի գրասենյակի աշխատակիցներին, ապա ցուցարարները այցելեցին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն: Նրանց բոլորին իր աշխատասենյակում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը եւ խոստացավ պաշտոնական խողովակներով նամակը հասցնել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, ում Սեֆիլյանը դիմել էր քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, եթե Հայաստանի իշխանությունները իրեն արտաքսելու որոշում կայացնեն:

Շեշտելով, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին եւ գնահատում է նրա գործը որպես ազատամարտիկ, նրա անցած ճանապարհը, Ավետիսյանը միաժամանակ նշեց, որ քաղաքական ապաստանի համար միջնորդել ինքը չի կարող, ինչպես եւ չի կարող գնահատական տալ իրավապահ մարմինների գործողություններին. - «Հետաքննություն է ընթանում, ես այդ թեմային չեմ տիրապետում»:
Ազգային ժողովում եւս ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի, որին միացել է դեռեւս միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)