Իրավապահները պնդում են, որ պարզել են «ոզնիների» պատվիրատուի եւ դրանք պատրաստողի ինքնությունը

Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ քննչական խմբի անդամ, Ազգային անվտանգության ծառայության քննիչ Արթուր Աղաջանյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ նախաքննության շրջանակներում պարզվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների` «ոզնիների» պատրաստման վայրը, պատվիրատուի եւ պատրաստողի ինքնությունը:

Ինչպես ասաց Վահագն Հարությունյանը, հիմնավորվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 29-ին կազմակերպիչները զինել են զանգվածային միջոցառման մասնակիցներին` «ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով»:

Արթուր Աղաջանյանը պատմեց, որ 2008 թվականի փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը իր խնամի Համլետ Հովհաննիսյանից (նախկինում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը) պատվեր է ստացել 8 միլիմետր հաստությամբ եւ 10-12 սմ երկարությամբ սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ մետաղական կոնստրուկցիա` «ոզնի»: Դրանից հետո Նիկոլյանը «ոզնու» նմուշը ներկայացրել է Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող վարպետ Հրաչյա Սահակյանին` պատվիրելով դրանց պատրաստումը:

«Պատվերը իրականացնելուց հետո, նույն օրը, այսպես կոչված ոզնիները Նիկոլյանը Համլետ Հովհաննիսյանի ուղարկած անձանց միջոցով տեղափոխել է Ազատության հրապարակ, որոնք հաջորդ օրը` մարտի 1-ին, օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգությունները հրահրելու համար», - ասաց Աղաջանյանը:

Նիկոլյանը կալանավորված է, իսկ պատվիրատուն` Համլետ Հովհաննիսյանը, ներկայումս հետախուզման մեջ է:

Վահագն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, թե «քրեական գործով հիմնավորվել է, որ զանգվածային անկարգությունների կազմակերպիչները նախապես տեղեկացված են եղել մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացվելիք ոստիկանության գործողությունների մասին». - «Ազատության հրապարակում գտնվող անձինք, ովքեր անմիջականորեն կազմակերպել են այդ միջոցառումը եւ անցկացրել, նրանք եղել են նախապես իրազեկված... տեղեկացված են եղել ոստիկանության կողմից իրականացվող միջոցառման մասին, եւ մինչ ոստիկանության աշխատակիցների` Ազատության հրապարակ հասնելը նրանցից շատերին, ում նախապես արդեն բաժանված են եղել մահակներ, հրամարեցված առարկաներ, զենք, նրանց նախազգուշացվել է ոստիկանության ուժերի մոտենալու վերաբերյալ, եւ հենց առաջին իսկ պահից, երբ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները եւ Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները փորձել են զննման ենթարկել Ազատության հրապարակի տարածքը եւ այնտեղ տեղակայված վրանների շրջակայքը, առաջին իսկ պահից եղել է բախում, դիմադրություն ոստիկանության աշխատակիցների դեմ: Դա հիմնավորված է ե’ւ վկաների ցուցմունքներով, ե’ւ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով, ե’ւ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով»:

Հարությունյանը հավելեց, որ իրենց հայտնի է այն անձը, ով «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչներին մարտի 1-ին Ազատության հրապարակում կազմակերպվող օպերատիվ միջոցառման մասին նախապես տեղյակ է պահել: Դա, նրա խոսքով` ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նիկողոսյանն է:

«Բացի այդ, մենք ունենք նաեւ բավարար տվյալներ, որ եղել են չակերտավոր իրազեկումներ նաեւ այլ անձանց կողմից: Այդ ուղղությումբ տարվում է քննություն, սակայն այս պահին կոնկրետ անուններ եւ տվյալներ հրապարակել, քննության շահերից ելնելով, չենք կարող», - հավելեց Վահագն Հարությունյանը:

Արմեն Նիկողոսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 13-ին Արմեն Նիկողոսյանին մեղավոր է ճանաչել «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» համար, եւ նա դատապարտվել է երկու տարի ժամկետով պայմանական ազատազրկման` մեկ տարվա փորձաշրջանով:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)