Դատարանը երկարաձգեց Արամ Կարապետյանի նախնական կալանքի ժամկետը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին:

Սեփական ցանկությամբ դատարան էր բերվել նաեւ Արամ Կարապետյանը: Նրա կողմնակիցները դատավարությունից մի քանի ժամ առաջ արդեն հավաքվել էին դատարանի շենքի մոտ:

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ, ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հացադուլի մեջ գտնվող Հրաչ Սարգսյանի «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Ինչո՞ւ է պարոն Կարապետյանը այդ [առողջական] վատ վիճակում գալիս դատարան: Ինքը գալիս է իր իրավունքները պաշտպանելու: Ինքն ասում է` պարոնայք դատարան եւ քննչական մարմին, եթե դուք գտնում եք, որ ես կայուն վիճակում եմ, ուրեմն ես իրավունք ունեմ գալ դատարան եւ իմ սահմանադրական իրավունքը պաշտպանել»:

Սարգսյանը եւ 9 այլ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել` պահանջելով փոխել Արամ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ նրան տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց:

Արամ Կարապետյանը մեղադրվում է «սուտ մատնության» համար եւ կալանքի տակ է արդեն երեք ամիս:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)