Արամ Կարապետյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կեսգիշերին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեկվանից գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ անցկացնող` «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչ Սարգսյանը առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում գտնվելուց հետո կուսակցության ղեկավարը տեղափոխվել է պալատ, սակայն պատկան մարմինները, Կարապետյանի վիճակը գնահատելով բավարար, ցանկանում են նրան վերադարձնել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Դա Հրաչ Սարգսյանը անթույլատրելի է համարում եւ պնդում է, որ «Նոր ժամանակներ»-ի առաջնորդի առողջական վիճակի հետ կապված խնդիրներն ուսումնասիրի անկախ մասնագետների խումբը:

Արամ Կարապետյանը փետրվարի 24-ից նախնական կալանքում է գտնվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա մեղադրվում է սուտ մատնության հոդվածով, որում իրեն մեղավոր չի ճանաչում:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը այսօր հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, պնդում է, թե «միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում է Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը»:

Ըստ մամլո քարտուղարի, Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից. - «Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին եւ տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձեւ, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման»:

«Ինչեւէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու եւ լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ: Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ», - ասված է հաղորդագրությունում:


Հովհաննես Շողիկյան