Փիթեր Սեմնեբի. «Եվրամիությունը հետեւելու է Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարմանը»

Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը: Այդ մասին երեկ հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում:

«Բանաձեւի կատարման ընթացքը կլինի այն հիմքը, որից ելնելով էլ մենք կկայացնենք հետագա որոշումները` ինչպես առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում», - ասաց Սեմնեբին:

Բանաձեւի կոնկրետ դրույթների մասին Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշեց. - «Կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ` այն բոլոր հիմնարար ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվեցին արտակարգ դրության ընթացքում: Խոսքը, մասնավորապես, ցույցերի ու հավաքների ազատության մասին է, ինչպես նաեւ այն մարդկանց ազատ արձակման, որոնք բանտարկվեցին իրենց քաղաքական գործունեության հետ կապված: Կան խնդիրներ, որոնք ավելի շատ գործընթացի մաս են կազմում, օրինակ` երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը: Մեր տեսակետը հետեւյալն է` ավելի լավ է այս ամենն ավելի շուտ անել»:
Սեմնեբին հայտնեց, որ ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման շուրջ բավական երկարատեւ քննարկումներ է ունեցել թե’ Հայաստանի իշխանությունների, թե’ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ` թե’ մինչեւ նրա երդմնակալության արարողությունը, թե’ դրանից հետո: Նա ինձ հավատացրել է, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան, ես որեւէ պատրանք չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր կամ կառույցներ, որ այլ կարծիք կունենան: Մնում է սպասել եւ տեսնել` բարձրացված խնդիրները լուծվելո՞ւ են, թե՞ ոչ», - ասաց Փիթեր Սեմնեբին:

Ինչ վերաբերում է Lեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան սատարող ուժերին, ապա, Եվրամիության հատուկ ներկայացուցչի տպավորությամբ, առաջին նախագահն իր աջակիցների հետ միասին պատրաստվում է լուրջ դերակատարություն ստանձնել հայաստանյան քաղաքական դաշտում. - «Ես կարծում եմ, որ [Տեր-Պետրոսյանի] վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում թե’ անձամբ իր, թե’ իրեն սատարող ուժերի համար` այդ գործունեության ծավալման ընթացքում ուշադրությունը սեւեռելով ընտրությունների վրա: Իշխանավորների մի մասի մոտ մտավախություն կա, որ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներով անօրինական փողոցային ակցիաներ կնախաձեռնի: Իմ տպավորությամբ, սակայն, Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները մտադիր են քաղաքական գործունեությունը ծավալել օրենքի շրջանակներում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)