Բեյրութի «Սեւան» ռադիոկայանի տնօրեն Արա Սիսերյանի խոսքով, շաբաթ առավոտյան տեղի ունեցած հարձակումից հետո իրենք ստիպված են ռադիոկայանի համար նոր տարածք փնտրել:
«100 տոկոսով հրկիզված է ռադիոկայանը: Բայց 12 ժամ չէր անցել հրկիզումից, [երբ] մենք եթեր դուրս եկանք», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց նա` չցանկանալով, սակայն, հստակեցնել, թե հատկապես որտեղից եւ ինչ տեխնիկական միջոցներով են այսօր հեռարձակվում ռադիոկայանի հաղոդումները:
«Այժմ ամեն ինչ անում ենք` մեր գրասենյակներն ու ստուդիաները նոր վայրում վերաբացելու համար», - հավելեց նա:
Սիսերյանի համոզմամբ` հարձակման անմիջական պատճառը ռադիոկայանի որդեգրած լրատվական քաղաքականությունն էր. - «Սեւան» ռադիոկայանը ստեղծվել է վեց ամիս առաջ եւ ընդամենը երկու ամիս է, ինչ մենք սկսել ենք քաղաքական ծրագրեր` մասնավորապես լուրեր հեռարձակել: Lիբանանյան ներքաղաքական իրադարձությունները մենք օբյեկտիվ կերպով ենք ներկայացրել, բայց ըստ երեւույթին դա էլ որոշ կողմերի անհանգստացրել է»:
Արա Սիսերյանը նաեւ հաստատեց Lիբանանի խորհրդարանի պատգամոր Եղիկ Ջերեջյանի` ավելի վաղ տարածած տեղեկությունները, որոնց համաձայն հարձակումն իրականացրել են շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժման զինյալները:
«Սա նախապես ծրագրված հարձակում էր: Դրանից մի քանի ժամ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ գալու են եւ հրկիզեն ռադիոկայանը: Տեղեկությունը ստանալուն պես ես աշխատակցիներին հրահանգեցի լքել ռադիոկայանի շենքը: Երկու ժամ անց եկան եւ ամբողջությամբ հրկիզեցին կայանը: [Հրկիզողները] «Հեզբոլայի» զինյալներն էին», - պատմեց Սիսերյանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա