Ռուբեն Շուգարյան. «Մենք հրաժարական չենք ներկայացրել»

«Մենք հրաժարականի դիմում չենք ներկայացրել, հայտարարությամբ ենք հանդես եկել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իտալիայում Հայաստանի արդեն նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը: Սա հաստատեց նաեւ Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Խաչատրյանը: Մյուսների` նախկին փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանի հետ զրուցել չհաջողվեց:

Երեկ երեկոյան նշված դիվանագետների անունից Ազատության հրապարակում ընթերցվել էր հետեւյալ հայտարարությունը.

«Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի միջազգային վարկը, մեր աջակցություն ենք հայտնում իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին,

Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,

Հայաստանյան հեռուստաընկերություններին, եւ հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,

Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը»:

Հայտարարությանը հետեւեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով Արմեն Բայբուրդյանը, Ռուբեն Շուգարյանը եւ Լեւոն Խաչատրյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից եւ զրկվել դիվանագիտական աստիճաններից:

Այսօր երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին է տրամադրվել արտգործնախարարության վեց այլ պաշտոնյաների` մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի հետեւյալ հայտարարությունը.

«Միանալով մեր ԱԳՆ գործընկերների հայտարարությանը եւ մտահոգություն հայտնելով հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար եւ ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ:

Միայն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գործելու միջոցով մենք կկարողանանք ապահովել ժողովրդավարությունը եւ հանդուրժողականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի բարի համբավը արտերկրում»:

Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց իր եւ դիվանագիտական գերատեսչության մյուս հինգ պաշտոնյաների կողմից հայտարարության ստորագրման փաստը:


Ռուբեն Մելոյան