Կառավարության նոր ծրագրի նախագիծը ուղարկվեց Ազգային ժողով

Երկուշաբթի օրը կառավարության արտահերթ նիստում հաստատվեց կառավարության նոր ծրագրի նախագիծը: Ծրագիրն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ այսօր կմեկնարկեն քննարկումները:

«Մենք ծրագիրը քննարկել ենք կոալիցիա կազմող բոլոր կուսակցությունների հետ, ստացել ենք նրանց դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք ներառել ենք ծրագրի մեջ: Ինչպես նաեւ ստացել ենք «Ժառանգություն» կուսակցության դիտողությունները եւ առաջարկությունները, եւ զգալի մասը այդ առաջարկությունների նույնպես ներառված են այդ նախագծում», - ասաց նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության անդամներին ներկայացնելով ծրագրի նախագիծը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասաց, որ ծրագրի հիմքում 2007 թվականի հունիսին նախորդ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված ծրագիրն է:

Երիցյանի խոսքով, ծրագրի նպատակներ են. «պետության կայուն եւ անվտանգ զարգացումը, ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության եւ իշխանության միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը, սոցիալական արդարության հաստատումը, օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը»:


Շաքե Ավոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)