Ռուբեն Ոսկանյան. «Բացառվում է, որ պայքարից հրաժարվեմ»

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) Վանաձորի կառույցի ղեկավար Ռուբեն Ոսկանյանը, ում մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատարանը արդեն դատապարտել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման, հաստատակամ է պայքարը շարունակելու հարցում:

«Այն, ինչը ես ճշմարիտ եմ համարում, այդ ճշմարիտի համար ես միշտ պայքարել եմ եւ պիտի պայքարեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ոսկանյանը: - «Բայց նման իրավիճակում, երբ օրենքների սահմանափակումներ է դրված, որ այսօրվա դրությամբ հնարավորություն կտան, որ ինձ ձերբակալեն, այդ առումով ես որոշակի խնդիրներում կփորձեմ մի քիչ զգուշավոր լինել: Բայց որ իմ պայքարից հրաժարվեմ, դա բացառվում է»:

Ռուբեն Ոսկանյանը դատապարվել է անօրինական հանրահավաքներ կազմակերպելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

«Ես տեսել եմ, որ ոստիկանները մահակներով, վահաններով զինված փորձում էին ժողովրդին դուրս բերել Ազատության հրապարակից: Բնականաբար, ժողովուրդը նրանց չէր ենթարկվում եւ նրանք ուժ կիրառեցին: Ինձ վերագրվում է բռնություն, սակայն ես դա բռնություն չէի որակի. ես ոստիկաններին դիմադրել եմ… Եվ այդ դիմադրությունը որակվել է որպես բռնություն ոստիկանների նկատմամբ: Դա ավելի շատ պաշտպանություն կորակեի, քան դիմադրություն», - պատմեց նա` հավելելով, որ հարցաքննությունների ժամանակ անկեղծ է եղել, քանի որ իր եւ իր ընկերների արարքը հանցանք չի համարել:

«Իմ անկեղծությունը, այն, ինչը իր վերաբերում էր իրենց մասով օգտագործելուն, իրենք օգտագործում էին, իսկ ինչը վերաբերում էր ինձ, դա որոշ չափով քողարկվում էր», - ասաց նա` պարզաբանելով. - «Եթե ոստիկանը ինձ խփել է, դա կարելի է համարել իրեն վերագրված օրինական պարտականություն, իսկ ինչ վերաբերում էր իմ դիմադրությանը, դա գրառվում էր իմ կողմից հանցանք: Ես ընդունել եմ իմ կողմից կատարվածը, իսկ ինչ վերաբերում է իրենց արածին, դա թողել եմ իրենց խղճի վրա»:

«Եթե իրենք գտնում են, որ մեր պետությունում իշխանավորը պետք է ունենա նման լիազորություն, որ պիտի պարտադիր քաղաքացուն ոտքի տակ գցի, պիտի նսեմացնի, խոսքի ազատությունից զրկի, ուրեմն մենք պիտի կասկածի տակ դնենք, թե այս պետությունում պիտի ապրենք, թե հեռանանք այստեղից», - եզրափակեց նա:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր