Կալանավորվածների հարազատները շարունակում են բողոքել

Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մի քանի տասնյակ կանայք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` հետընտրական շրջանում ձերբակալված եւ իրենց քաղբանտարկյալ համարող անձանց ազատ արձակելու պահանջով:

Հավաքվածները հիմնականում կալանավորվածների հարազատներն էին, ովքեր այս շաբաթ բողոքի ակցիաներ էին անցկացրել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատների մոտ: Ցույցին մասնակցում էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցուցարարները պնդում էին, որ Գլխավոր դատախազության շենքի մոտ են գալու ամեն ուրբաթ` այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածները:

Ակցիայի մասնակիցները իրենց պահանջներով նամակը հանձնեցին Գլխավոր դատախազության քաղաքացիների դիմումներով զբաղվող վարչության պետ Ժաննա Կուտիկյանին:

Կուտիկյանը ցուցարարների պատվիրակների հետ զրույցում խոստացավ, որ Գլխավոր դատախազն անպայման կուսումնասիրի եւ կպատասխանի այդ նրանց նամակին:

Ցույցի մասնակիցները պատրաստվում էին այսօր բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ռուսաստանի դեսպանատան մոտ, իսկ այնուհետեւ գնալ Հրազդանի Վանատուր թաղամաս` միանալու հացադուլ հայտարարած նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանին:


Աննա Սաղաբալյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)