Վիեննայում հանդիպում են Մինսկի խմբի համանախագահները

Այսօր Վիեննայում հանդիպում են Մինսկի խմբի համանախագահները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը:

Մերզլյակովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանն ասել է, թե համանախագահները Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացնելու են բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի մասին, ինչպես նաեւ քննարկելու են առաջիկա ծրագրերը:

Հանդիպումը նախագահելու է ԵԱՀԿ-ի նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը:

Հարցին, թե միջնորդները ե՞րբ կկատարեն հաջորդ այցելությունը տարածաշրջան, Յուրի Մերզլյակովը պատասխանել է, թե դա համաձայնեցվելու է Վիեննայի հանդիպմանը:

Հանդիպմանը Հայաստանից ու Ադրբեջանից ներկայացուցիչներ չեն լինելու:

Ինչ վերաբերում է բանակցությունները շարունակելու հարցին, ապա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ասել է, թե դեմ չէ Հայաստանի նոր արտգործնախարարի հետ հանդիպմանը:


Նա նշել է, թե Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջ քաշեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հարցը: Միաժամանակ, նա հնարավոր է համարել, որ մինչ այդ ծանոթության համար հանդիպեն արտգործնախարարները:

«Ես դեմ չեմ հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարարին ես դեռ նույնիսկ դեմքով չեմ ճանաչում, բայց երբ եւ որտեղ կհանդիպենք` դա կորոշեն համանախագահները», - ասել է Մամեդյարովը:

Էլմար Մամեդյանովը կրկին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը: Նա հայտարարել է, թե Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի, որ ե’ւ համանախագահները, ե’ւ միջազգային կազմակերպությունները հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը:

«ՄԱԿ-ի բանաձեւը լիովին արտացոլում է մեր դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)