Յուրի Խաչատուրովը՝ գլխավոր շտաբի պետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Այդ մասին հրամանագիր է այսօր ստորագրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

56-ամյա Յուրի Խաչատուրովը մինչ օրս զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

1974 թվականին Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանն ավարտելուց հետո Յուրի Խաչատուրովը ծառայել է Սմոլենսկում, Պրիմորյեի երկրամասում, Ուսուրիյսկում` զբաղեցնելով հրետանային դիվիզիոնի դասակի, մարտկոցի, առանձին դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:

1982-1985 թվականներին ուսանել է Մոսկվայի ռազմա-հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում` նշանակվելով բելոռուսական զինվորական օկրուգի դիվիզիայի հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ:

1985-1988 թվականներին ծառայել է Աֆղանստանում, մասնակցել մարտական գործողություններին` արժանանալով 4 մարտական շքանշանների:

1989 թվականին նշանակվել է բելոռուսական զինվորական օկրուգի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:

1992 թվականին ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում, նշանակվել է Լուսակերտում տեղակայված 2-րդ գնդի հրամանատար, ապա` Հայաստանի Սահմանապահ զորքերի հրամանատար-պաշտպանության փոխնախարար:

1993 թվականին նշանակվել է Տավուշի եւ Կրասնոսելսկի ուղղությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, 1994-1995 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության 2-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, նորաստեղծ 1-ին բանակային կորպուսի հրամանատար:

1995 թվականին Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թվականին` գեներալ-լեյտենենտի զինվորական կոչում:

2000 թվականին նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)