Հաջորդ տարվանից Եվրոպան Թուրքմենստանից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա

Հաջորդ տարվանից Եվրամիության անդամ երկրները Թուրքմենստանից 10 միլիարդ խորանարդ մետր գազ կստանան, ինչը կմեղմի կախվածությունը Ռուսաստանից: Այդ մասին «Ֆայնենշլ թայմս» թերթին հայտնել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Նրա վկայությամբ՝ Եվրամիությունը պետք է ներդրումներ կատարի տարածաշրջանում: Թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու համար պետք է կամ փոքր խողովակաշար կառուցվի Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ, կամ այդ երկու երկրները պետք է միանան Ղազախստանի տարածքով, կամ էլ բնական գազը հենց Թուրքմենիայում պետք է վերածվի հեղուկ գազի եւ տեղափոխվի Կասպից ծովով նավերի միջոցով: