«Սղաճը վերադառնում է երկնիշ թվերով»

Հահաշխարհային բանկի մասնագետների կարծիքով, միջազգային շուկաներում մոլեգնող ճգնաժամից նախ եւ առաջ տուժելու են Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային միության երկրները: Բուն ճգնաժամի պատճառ է համարվում ամերիկյան հիպոթեքային շուկայի ակտիվության նվազումը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Շիգեո Կացուն կարծիք է հայտնել, որ տարիներ շարունակ իրագործվող բարեփոխումների շնորհիվ այդ տարածաշրջանի տնտեսությունները բավական ամուր դիրք են ապահովել: Բայց այդ երկրները զգոնությունը կորցնելու իրավունք չունեն:

«Առկա են շատ հզոր սղաճային ճնշումներ, դրանց պատճառը նաեւ էներգակիրների եւ պարենի գների աճն է ամբողջ աշխարհում: Հարկ է ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկել բնակչության առավել անպաշտպան զանգվածների կարիքները հոգալու, հասցեագրված օգնություն ցույց տալու համար», - ասել է Կացուն:

«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Հիթեր Մահերի փոխանցմամբ, 1998-2006 թվականների ընթացքում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մեկ շնչին հասնող տարեկան եկամուտը աճել է 3 հազար դոլարով` 5600-ից հասնելով 8600-ի: Դրա արդյունքում շուրջ 50 միլիոն մարդ դուրս է եկել աղքատության գոտուց: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապրում է 460 միլիոն մարդ:

Էներգակիրների գինը 30 տոկոսով է աճել այսպես կոչված «ցածր եկամուտով ԱՊՀ-ի երկրներում»՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում:

Համաշխարհային բանկի մասնագետների տվյալներով, ամբողջ աշխարհում պարենի գնաճն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Բացառությամբ Ղազախստանի՝ Կենտրոնական Ասիայի երկրներում ընտանիքները եկամտի կեսից ավելին ծախսում են պարեն գնելու համար:

«Մեր հաշվարկները վկայում են, որ սննդամթերքի գների ընդամենը 5 տոկոսի աճը կհանգեցնի «ցածր եկամուտով ԱՊՀ-ի երկրներում» աղքատության 2-3 տոկոսի աճի», - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով ավագ տնտեսագետ Փրադիփ Միթրան:

Նա հայտնել է, որ տնտեսական աճը նվազում է Ռումինիայում, Ուկրաինայում, Լատվիայում, Հունգարիայում, Խորվաթիայում, էներգակիրներով հարուստ Ղազախստանում: Այդ միտումը սկսվում է նաեւ Լեհաստանում ու Չեխիայում:

«Սղաճը վերադառնում է: Դա մի բան, որը երկրները կարծում էին, թե այլեւս անցյալում են թողել: Այն ոչ միայն վերադարձել է, այլ երկնիշ թվերով է վերադարձել: Պատճառներից մեկը էներգակիրների գնաճն է, որը էներգակիրներ ներկրող երկրները զսպել կամ փոխել պարզապես չեն կարող», - ասել է Փրադիփ Միթրան:


Արմեն Քոլոյան, Պրահա