Կոալիցիայի անդամները՝ ընդդիմության հետ երկխոսության մասին

Հայաստանի նորաստեղծ կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարները «Նովիյե իզվեստիա» մոսկովյան թերթի թղթակցին տված հարցազրույցում վերապահումով են արտահայտվել ընդդիմության հետ երկխոսության հնարավորության մասին:

«Քաղաքական կոալիցիան հիմնված է փոխադարձ հարգանքի, ըմբռնման, համերաշխության սկզբունքների վրա: Մենք որոշել ենք, որ տարաձայնությունները պետք է հարթվեն բանակցությունների եւ քննարկումների, կուսակցությունների միջեւ քաղաքական երկխոսության միջոցով՝ համագործակցելով Հայաստանի նախագահի հետ: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում նման համագործակցությունը այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում իշխանության ձեւավորման օրինական ժողովրդավարական եղանակները: Սակայն քաղաքական կոալիցիան հաշվի կնստի քաղաքացիական հասարակության հաստատությունների կարծիքի հետ, կաշխատի թափանցիկության ռեժիմով եւ պատշաճ վերահսկողություն կապահովի ողջ ապարատի գործունեության նկատմամբ», - ասել է վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է. - «Մենք դեմ չենք ընդդիմության հետ երկխոսությանը: Բայց մենք կարծում ենք նաեւ, որ փոքրամասնությունը իր ագրեսիվ գործողություններով եւ լարվածության մշտական ահագնացմամբ չի կարող ողջ հանրության վզին փաթաթել իր տեսակետներն ու ցանկությունները: Մենք պատրաստակամություն ենք արտահայտում ցանկացած հիմնախնդիրներ քննարկելու ինչպես մեծամասնության կոալիցիայի շրջանակներում, այնպես էլ մեր հասարակության հեղինակավոր այլ ուժերի, այդ թվում ընդդիմադիր ուժերի հետ»:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կարծիք է հայտնել. - «Որոշակի սահմանագիծ կա, որը զատում է քաղաքական գործընթացները իրավականից: Մարտի 1-2-ին հանրահավաքների հետեւանքով գործընթացները դուրս են եկել քաղաքական տրամաբանության սահմաններից, տեղի ունեցան անկարգություններ, ցավոք, եղան նաեւ զոհեր: Եվ մենք գտնում ենք, որ այստեղ արդեն տեղին են իրավական գնահատականները, որովհետեւ քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իրավականները՝ իրավական դաշտում: Քաղաքական պայքարի նկատմամբ այն մոտեցումները, այն քայլերը, որոնք ձեռնարկում են կուսակցությունները, վկայում են այն մասին, թե որքանով են տվյալ կազմակերպությունները պատրաստ քաղաքական խաղաղությանը»:

Իսկ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փաստել է. - «Սերժ Սարգսյանը ցանկութուն է հայտնել աշխատել բոլորի հետ, ովքեր պատրաստ են համագործակցության: Դուրս է մնացել միայն «Ժառանգություն»ժը՝ դա նրանց ճանապարհն է, նրանց ընտրությունը: Մենք դռները բաց ենք թողել...»: