Գագիկ Ջհանգիրյանը հերքում է իշխանությունների հետ համաձայնության գալու մեղադրանքը

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, այսօր հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե մեկուսարանում նա համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ ստորագրել իրենից պահանջվող ցուցմունքները:

«Հրապարակ» թերթը պնդել է, թե Ջհանգիրյանը համաձայնության է եկել իշխանությունների հետ՝ իր հարազատների հետ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը հանելու դիմաց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. - «Որեւէ համաձայնության որեւէ մեկի հետ չեմ եկել եւ չեմ պատրաստվում գալ: Տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը հանվել է ոչ միայն իմ, այլեւ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող բոլոր քաղբանտարկյալների մասով, այն էլ Ագոյի խմբի պահանջներից հետո: Ես մնում եմ իմ արտահայտած տեսակետներին հավատարիմ եւ չեմ հրաժարվի ոչ մի բառից ու ստորակետից: Հակառակ դեպքում ես կդադարեմ Ջհանգիրյան լինելուց»:

Լուսինե Սահակյանը նաեւ պնդել է, որ Ջհանգիրյանը անմեղ է: «Այդ կապակցությամբ մենք պատրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ», - ասել է փաստաբանը:


Ռուզաննա Ստեփանյան