Սերժ Սարգսյանը Բուխարեստում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բուխարեստ: Առավոտյան Սերժ Սարգսյանը «Նովոթել» հյուրանոցի իր կեցավայրում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ընդհանուր գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա վիճակին: Համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկվա հանդիպման արդյունքները:

Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական քայլերի եւ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագծում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ եւ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում եւ այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու գործում:

Անդրադարձ է եղել նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր հետագա շարունակությանը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի իր տպավորությունները կհայտնի, երբ առիթ լինի հանդիպել բանակցող մյուս կողմի հետ: Ըստ նրա, համենայն դեպս համանախագահները լավատես են, եւ կարծում է, որ իրենց տեսակետից նրանք հիմք ունեն լավատեսության:

Հարցին, թե երբ կարող է լինել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հնարավորություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե ինքն արդեն ասել է, որ դեմ չի լինի հանդիպել որեւէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպումից հետո հայ լրագրողներին ասել է. - «Մենք գիտենք ՀՀ նորընտիր հարգարժան նախագահին վաղուց, գիտենք ինչպիսի մարդ է նա, եւ կարծում ենք, որ նրա հետ կարող ենք շարունակել բանակցությունները: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նախագահի երդմնակալությունից հետո նախագահները հնարավորություն ունենան հանդիպել եւ շփվել միմյանց հետ: Մենք պարզապես սպասում ենք նման հնարավորության»:

Ամերիկացի համանախագահի կարծիքով` Ադրբեջանը եւս համաձայն է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի, չնայած եղան սուր պահեր:

Բրայզան վստահություն է հայտնել, որ գործընթացը կշարունակվի, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կտեւի ոչ այնքան երկար եւ շուտով կավարտվի: «Այսօր սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդմնակալությունը դեռ չի եղել, եւ քայլ առ քայլ պետք է առաջ գնալ»,- ասել է նա:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխման հնարավորության վերաբերյալ հարցին` Մեթյու Բրայզան ընդգծել է, թե կա մի ձեւաչափ` դա ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, եւ այսօր չկա լուրջ պահանջ այդ ձեւաչափը փոխելու: «Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում», - ասել է ամերիկացի համանախագահը:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Ռումինիայի խորհրդարան, որտեղ նախատեսված է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների ձեւաչափով կազմակերպված քննարկումը` «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով:

Մինչ քննարկումը սկսելը, Սերժ Սարգսյանը նաեւ բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: