Արմեն Խաչատրյան. «Մոտ երկու տասնյակ կալանավորվածներ հայտարարել են հացադուլ սկսելու մտադրության մասին»

Մոտ երկու տասնյակ կալանավորվածներ, որոնք ձերբակալվել էին Հայաստանում հետընտրական զարգացումների առնչությամբ, այսօր հայտարարել են, որ մտադիր են հացադուլ են սկսել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Նրանց թվում են Լեւոն Տեր-֊Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Կարապետ Ռուբինյանը, Գուրգեն Եղիազարյանը, Պետրոս Մակեյանը եւ այլոք:

Նրանք պնդում են, թե կալանավորվել են քաղաքական պատճառներով եւ պահանջում են կարճել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Միաժամանակ այսօր Լեւոն Տեր-֊Պետրոսյանի գրասենյակից ստացվել է 20 կալանավորվածների հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Եթե անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ»:

Ըստ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության, կալանավորված անձանցից միայն Սուրեն Սուրենյանցն ու Վարդգես Գասպարյանն են հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիում ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին: Ապրիլի 2-ից, հաղորդագրության համաձայն, մեկօրյա նախազգուշական հացադուլ սկսելու մասին դիմում է ներկայացրել նաեւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

«ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մալխասյան Իսահակը, Այվազյան Սմբատը եւ Վարդանյան Ալեքսանը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարզպետ Այվազյանը, Արմեն Գրիգորյանը, Սայադ Հովհաննիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Շոթա Սաղաթելյանը, Պետրոս եւ Վարդգես Մակեյանները ապրիլի 1-ին դիմում են ներկայացրել հիմնարկների պետերին, ըստ որոնց, վերջիններս հայտարարում են հացադուլ` պահանջելով դադարեցնել իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը», - ասված է Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:


Ռուզաննա Ստեփանյան