Երեխայի սպանության մասին լուրեր տարածող կնոջ ինքնությունը պարզվել է

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ տարածած կնոջ ինքնությունը. նա Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանն է: Այդ մասին ասված է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրությունում:

Վկայի կարգավիճակում հարցաքննության ժամանակ Լաուրա Մելքոնյանը, մասնավորապես, հայտնել է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաքվածների շրջանում շրջանառվում էր, թե Ազատության հրապարակում ոստիկանները ծեծելով սպանել են 12 տարեկան մի երեխայի, եւ ինքը, Մյասնիկյանի արձանի մոտակայքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ, հայտարարել է, թե դա հենց սպանված երեխայի կոշիկն է: Դրանից հետո ինչ-որ մարդիկ, որոնց նա չի ճանաչել, նրա ձեռքից կոշիկը վերցրել են, տարել դրել արձանի տակ՝ նույն աղբի միջից վերցրած վառարանի վրա, որի մոտ մոմ են վառել, ծաղիկներ դրել: Մելքոնյանը խոստովանել է, որ այդ պահին իր ասածը մեծ ազդեցություն է գործել հավաքվածների վրա, որոնք բորբոքվել են եւ ոստիկանների հասցեին ուղղել անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ:

Դատախազության հաղորդագրության համաձայն, Մելքոնյանը զղջացել է կատարածի համար եւ հայտարարել, թե «այդ երեխայի մահվան միտքը ինչ-որ մարդկանց կողմից պատրաստված պրովոկացիա էր»:

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ երեխայի սպանության մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել:


(Լուսանկարը` դատախազության)