Մամուլի տեսություն

«168 ժամ»-ը, իր խմբագրականում գնահատելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի՝ այդ կարգավիճակում առաջինը Մոսկվա այցելելու փաստը, եզրակացրել է. - «ՀՀ իշխանություններն այլեւս անթաքույց հայտարարում են, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվում է դեպի Ռուսաստան»։ «Դժվար է ասել՝ արտաքին քաղաքական կուրսի նման ակնհայտ բեւեռացումը ՀՀ նախագահական հետընտրական զարգացումների՞ արդյունքն էր, թե՞ ընտրություններն էին այդ բեւեռացման արդյունքը՝ հաշվի առնելով տարածաշրջանում գերտերությունների տնտեսական եւ քաղաքական շահերի բախումը», - երկմտել է թերթն ու բխեցրել. - «Ամեն դեպքում, հույս ունենանք, որ Հայաստանը վերջնականապես չի դառնա «Ռուսաստանի հերթական գերին», ինչպես ժամանակին արտահայտվել է վերլուծաբաններից մեկը»։

«Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանը, իր հերթին նույն թեմային անդրադառնալով, «Հայաստանը «անկյուն մղելու փորձերը» ձախողվում են» վերնագրի տակ շեշտադրել է. - «Ռուսաստանի ղեկավարության անվերապահ աջակցությունը ստեղծում է այն ամուր հենքը, որի վրա հենվելով, Հայաստանը կարող է իրեն շատ ավելի վստահ զգալ միջազգային հնարավոր թելադրանքներին դիմակայելու հարցում»։ «Հայաստանում «գունավոր հեղափոխություն» բեմականացնելու, իսկ նրա ձախողման դեպքում՝ մեր երկրի իշխանություններին անկյուն մղելու եւ միջազգային տարբեր հարցերում լուրջ զիջումներ թելադրելու սցենարը դանդաղորեն, բայց հետեւողականորեն փակուղի է մտնում», - համոզմունք է հայտնել մեկնաբանը։

«Ազգ» թերթի մեկնաբանը, անդրադառնալով իշխող քառյակի քաղաքական կոալիցիա կազմելու շարժառիթներին, բացատրել է. - «Իշխանամետ միավորների ներսում կոալիցիա ստեղծվեց, քանի որ ինչքան էլ փորձ արվեց նրանց մի մասին հրելու դեպի «կառուցողական» ընդդիմության դերը ստանձնելու, նրանցից ոչ մեկն այդ չուզեց անել: Նրանք բոլորն ուզում էին պատասխանատվություն կիսել, ավելի անկեղծ` կիսել պորտֆելները: Նրանցից ոչ ոք չէր ուզում ձեռնունայն տուն գնալ»: Մնացածը, ըստ մեկնաբանի, «ձեւակերպումների խնդիր է, թեեւ քաղաքական հետընտրական այսպիսի ոչ միանշանակ վիճակում կարեւոր է ե՛ւ կոալիցիայի, այլ խոսքով` համախմբման գաղափարը, ե՛ւ ձեւակերպումներն իրականություն դարձնելու փաստը»։

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ ոք այնքան չի փառաբանել եւ մեծարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որքան մեր իշխանությունը, իրավապահները եւ նրանց քարոզչությունը: Ըստ նրանց՝ ստացվում է, որ առաջին նախագահն օժտված է ինչ-որ առեղծվածային մոգական ընդունակություններով կամ տիրապետում է ինչ-որ հրաշագործ տեխնոլոգիաների, որոնցով կարողացել է հիպնոսացնել ժողովրդական լայն զանգվածներին»: «Սա այն դեպքն է, երբ իշխանությունը զբաղվում է ինքնախաբեությամբ. գերադասում է հակառակորդին ներկայացնել որպես կախարդական ուժի տեր մի սուպերմեն, քան ընդունել որեւէ անհատից անկախ շատ պարզ եւ առօրյա իրողություններ», - ընդգծում է խմբագիրը եւ հավելում. - «Իշխանությունների ինքնախաբեությունն ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, որոնցից ամենակարեւորը հետեւյալն է. երբ հասարակության ռադիկալացումը վերագրվում է մեկ անհատի տաղանդներին կամ նրա կիրառած ինչ-որ բարդ տեխնոլոգիաներին, դա թուլացնում է հենց իշխանության զգոնությունը եւ չի կանգնեցնում ռադիկալացման գործընթացը»: «Արդյունքում՝ 2-3 տարի անց իշխանությունները կարող են ստանալ մի ընդդիմախոս, որի մոտեցումների հետ համեմատած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը շատ մեղմ եւ նույնիսկ՝ բարեկամական կթվա», - եզրափակել է խմբագիրը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականի փոխանցմամբ` վերջին շրջանում «մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության մեջ չլսված ու չտեսնված մի երեւույթի. նախընտրական քարոզարշավ՝ ընտրություններից հետո»։ «Հենց սրանով է զբաղված Սերժ Սարգսյանը։ Նա սկսել է հանրությանը, գործարարությանը խոստումներ տալ ընտրություններից հետո։ Մինչդեռ, եթե ընտրված նախագահ է, հիմա պիտի գար փետրվարի 20-ից առաջ տրված խոստումների իրագործման շրջանը», - նկատել է խմբագիրն ու բխեցրել. - «Սերժ Սարգսյանը, սակայն, չի ընկալել մի պարզ ճշմարտություն. պրոբլեմը ոչ թե իր տված խոստումների մեջ է կամ դրանց պերճախոս չլինելու, այլ խոստում տվողի մեջ։ Ավելի ճիշտ` այն համակարգի մեջ, որի ղեկավարն է ինքը»։


Ատոմ Մարգարյան