Դուդուկը գերում է նաեւ օտարներին

«Առաջին անգամ դուդուկը լսել եմ Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի սաունդթրեկում, որը Փիթեր Գաբրիելն է հեղինակել, հետո արդեն հենց Փիթեր Գաբրիելի ձայնագրման ստուդիայում Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակները գտա ու լսեցի, եւ վերջապես անցած տարի Ֆրանսիայում լսեցի հայ դուդուկահար Արեգ Բարդիկյանին, հենց նրանից էլ գնեցի առաջին դուդուկս, սկսեցի նվագել եւ եկա այստեղ` արդեն իրոք սովորելու», - պատմում է Ջոնը:

Ջոնն արդեն 6 ամիս է, ինչ դուդուկ է նվագում, հատուկ դրա համար
թողել է ծխելը: Նա պրոֆեսիոնալ երաժիշտ է, 4 տարեկանից դաշնամուր է նվագում, սովորել է Ամերիկայի երաժշտանոցներում, նվագում է հիմնականում ջազ եւ ավանգարդ երաժշտություն: Բացի դաշնամուրից, նվագում է նաեւ կլառնետ, ակորդեոն, բաս կիթառ, հարվածային գործիքներ, փորձարարություն է անում էլեկտրոնային երաժշտության բնագավառում, իսկ դուդուկը համարում է ավելին, քան պարզապես գործիք:

«Դուդուկը իմ երաժշտական կյանքի մասն է, որը պակասում էր երկար տարիներ», - ասում է Ջոնը: - «Դուդուկը շատ յուրահատուկ հնչողություն ունի, նման է մարդկային ձայնին, նման չէ եւ ոչ մի գործիքի իր հնչողությամբ եւ այն զգացողությամբ, որը տալիս է նվագողին եւ լսողներին: Ես միայն երկու շաբաթ եմ այստեղ՝ Երեւանում, եւ շատ բան իմացա եւ սովորեցի դուդուկի մասին: Առաջին հերթին, որ սա սովորական երաժշտական գործիք չէ, սա մի ողջ մշակույթ է, ունի իր ավանդույթները: Այժմ այն ինձ համար ավելի հասկանալի է»:


Տաթեւիկ Լազարյան