Ռոբերտ Քոչարյան. «Արտակարգ դրությունը երկարացնելու համար առիթ չեմ տեսնում»

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Երեւանում 20 օր գործած արտակարգ դրությունը չի երկարաձգվելու:

«Ես չեմ տեսնում որեւէ գործոն կամ որեւէ առիթ արտակարգ դրությունը երկարացնելու համար: Այդ պատճառով վաղվանից Հայաստանի Հանրապետությունում մենք ունենալու ենք ոչ արտակարգ դրության իրավական ռեժիմ»,֊ - ասել է Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում կայացած ասուլիսում:

Անդրադառնալով մարտի 1֊-ին տեղի ունեցած դեպքերին` նախագահը փաստել է. - «Շատ հարցադրումներ կային ե'ւ մամուլում, ե'ւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղե՞լ է, թե՞ չի եղել այն: Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի: Մեր «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է, որ ոստիկանությունն իրավունք ունի միջոցներ կիրառել, եթե կա ուղղակի սպառնալիք ոստիկանի կամ երրորդ անձի կյանքին: Պատկերացնում եք, եթե, ոչ այս դեպքերում, այլ ընդհանրապես, ինչ-որ հանցագործության կատարման վայրում, ոստիկանը պետք է զանգի եւ ոստիկանապետից հարցնի, թե թո՞ւյլ է տալիս միջոցներ կիրառի, թե՞ ոչ, եւ ի՞նչ հետեւանքների դա կբերի: Այդ պատճառով օրենքն ուղղակի մանրակրկիտ ձեւով նախատեսում է, թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը»:

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակը պնդել է, որ ոստիկանները զենք չեն ունեցել եւ չեն կրակել:

Անդրադառնալով որոշ հասարակական կազմակերպությունների պահվածքին, Ռոբերտ Քոչարյանը նշել է. - «Եւս մեկ հետեւություն, որը մենք պետք է անենք այս իրադարձություններից. դա վճռական քայլերն են, որոնք պետք է արվեն` բացառելու համար որոշ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը քաղաքականության մեջ: Քննությունը ցույց է տալիս, որ, օրինակ, «Ոգու փորձություն» ազատամարտիկների կազմակերպությունը գրեթե ամբողջությամբ ներքաշված էր, եւ անկարգությունների ակտիվ մասնակիցներն եղել են այդ կազմակերպության բազմաթիվ անդամները: Հայտնի է, որ «Երկրապահ» կամավորական միության ակտիվիստների եւս մի զանգված մասնակցել է դրանց: Դեռ չենք կարող պնդել, որ կազմակերպությունը` իբրեւ կազմակերպություն է մասնակցել: Այսօր չենք կարող դրա մասին խոսել, քննությունը ցույց կտա, բայց մի մասը մասնակցել են: Այդ հեռանկարը հետագայում պետք է բացառվի, եւ ոչ մի նման կազմակերպություն քաղաքական գործընթացներում իրեն «ջոկերի» տեղ չպետք է դնի` թե ոնց կթեքվի եւ իրադարձությունները դեպի ուր կթեքվեն: Դա լրջագույն վտանգ է Հայաստանի Հանրապետության համար»:

Խոսելով ընդդիմության հանրահավաքների հնարավոր վերսկսման մասին, նախագահը շեշտել է. - «Ընդհանրապես հանրահավաքների նկատմամբ իմ վերաբերմունքն այնպիսին է, որ ինչ-որ ժամանակ պետք է ուղղակի հանրահավաքներ ու երթեր չկազմակերպել: Եթե նույն տեղում հավաքվեն նույն մասնակիցները եւ ոստիկանությունն ապահովի այդ մասնակիցների անվտանգությունը (վիրավորների մի մասը նույնիսկ դեռ ամբողջությամբ չեն ապաքինվել), ապա մենք չենք կարող խոսել երկրի կայունության մասին: Նման քայլերը խաթարում են երկրի կայունությունը: Բացի այդ, դեռ հետախուզման մեջ են գտնվում այն մարդիկ, որոնք զենք եւ պայթուցիկ նյութեր են կիրառել ոստիկանության նկատմամբ: Եվ որեւէ երաշխիք չկա, որ այդ մարդիկ, պատասխանատվությունից խուսափելու համար, չեն փորձելու սադրանքների գնալ, վիճակն ավելի խառնել: Պատկերացրեք, որ հանրահավաք է եւ ինչ-որ մեկը մի պայթուցիկ նյութ է կիրառում իշխանություններին մեղադրելու նպատակով: Այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Նաեւ այդ նպատակով փոփոխություններ կատարվեցին հանրահավաքների մասին օրենքում»:

Անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում իրականացված ձերբակալություններին, Ռոբերտ Քոչարյանն ասել է. - «Մոտ 800 մարդ հրավիրվել է ոստիկանություն կամ բերման է ենթարկվել այս իրադարձությունների կապակցությամբ: Կալանավորված է մոտ 100 մարդ: Սա նշանակում է, որ ոչ թե բոլոր մասնակիցներին ուղղակի բերման են ենթարկել ու կալանավորել, այլ զրուցել են, մեղքի աստիճանն են դիտարկել եւ բոլոր հանգամանքները պարզելով` մոտ հարյուր մարդ են կալանավորել, որոնցից, մոտակա մեկ ամսվա ընթացքում, 40-50 գործ կգնա դատարան: Այսինքն հատուկ պատժողական մտադրություն չկա»: