39 կոնգրեսականներ կոչ են անում մեծացնել Հայաստանին տրամադրվելիք օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նամակ են հղել պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին, որում կոչ են անում 2009 թվականի պետբյուջեում մեծացնել Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը, ինչպես նաեւ օգնություն նախատեսել Լեռնային Ղարաբաղի համար:

2009 թվականի բյուջեի նախագծով Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար Կոնգրեսի հաստատածից եւ 11 միլիոնով պակաս` 2008-ի համար վարչակազմի նախնական առաջարկից:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նամակով կոնգրեսականները կոչ են անում Հայաստանին հատկացնել 70 միլիոն դոլարի տնտեսական օգնություն: Եվս 10 միլիոն դոլար կոնգրեսականները առաջարկում են հատկացնել Լեռնային Ղարաբաղին. վարչակազմի առաջարկում Ղարաբաղի համար առանձին օգնություն նախատեսված չէ:

2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օժանդակության հավասարությունը: Երկու երկրների համար առաջարկվող արտաքին ռազմական ֆինանսավորման ծավալները նույնն են` 3-ական միլիոն դոլար, սակայն ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով նախատեսվում է Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար:

39 կոնգրեսականների նամակում կոչ է արվում Հայաստանին տրամադրել 5 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Ադրբեջանին առհասարակ չհատկացնել այդպիսին` այդ երկրի կողմից պարբերաբար հնչող պատերազմի սպառնալիքների պատճառով:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` կոնգրեսականներն իրենց նամակում հորդորում են նաեւ վերականգնել «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման գործողությունը, որով Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման էր համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը: