Ամերիկայի հայկական կազմակերպությունները համերաշխություն են հայտնում Հայաստանի պետությանը եւ ժողովրդին

ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունները երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին:

Ամերիկայի հայկական համագումարի, Հայ դատի գրասենյակի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամենայն հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մենք խորապես վշտացած ենք ընտրություններին հաջորդած փողոցային անկարգությունների ընթացքում տեղ գտած բռնությունների, պառակտումների եւ մահվան դեպքերի առնչությամբ եւ սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Դատապարտում ենք բոլոր բռնարարքները, այդ թվում հարձակումները, բարբարոսությունը եւ թալանը, եւ ակնկալում ենք, որ դրանց կազմակերպիչները եւ իրականացնողները իրավական պատշաճ գործընթացին համապատասխան կկանգնեն արդարադատության առջեւ»:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները բոլոր կողմերին կոչ են անում «Հայաստանի քաղաքացիական եւ իրավական կառույցների շրջանակում խաղաղ աշխատել` հաղթահարելու իրենց տարաձայնությունները եւ հնարավորինս արագ ու պատասխանատու կերպով վերականգնել Հայաստանի բնականոն քաղաքական միջավայրը»:

Վերահաստատելով իրենց նվիրվածությունը «Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը մարտահրավերներով լի եւ հաճախ վտանգավոր տարածաշրջանում», Ամերիկայի հայկական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել Հայաստանի նորընտիր նախագահի եւ կառավարության հետ` «օրենքի գերիշխանության, սոցիալական եւ տնտեսական արդարության, խոսքի եւ մամուլի ազատության, բոլորի համար հավասար հնարավորությունների վրա հիմնված բաց եւ ժողովրդավարական հայկական հայրենիքի ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար»: