Կրթական բարեփոխումները շրջանցում են երաժշտական դպրոցները

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի դասատու Նորա Այվազյանն ասում է, որ իրենք շարունակում են աշխատել էնտուզիազմի վրա. - «Մենք այն սերունդն ենք, որ հասկանում ենք մեր գործի կարեւորությունը եւ աշխատում ենք նվիրումով, բայց հետո էլ չկա սերունդ, որ կգա կաշխատի, որովհետեւ տեսնում են, որ այս ամենը, ցավոք, ոչ մեկին պետք չէ»:

Սայաթ - Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ ցածր աշխատավարձերը հանգեցնում են նրան, որ ուսուցիչները հաճախ սպասում են որոշակի «նվերների» աշակերտների ծնողների կողմից, կամ հավելյալ պարապմունքներ են անցկացնում` շատ դեպքերում հենց դպրոցի աշակերտների ժամերի հաշվին:

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանի կարծիքով` երաժշտական դպրոցների խնդիրների մի մասը կապված է դպրոցների կարգավիճակի եւ ֆինանսավորման հետ: Երաժշտական դպրոցները մշակույթի նախարարության ենթակայության տակ չեն գտնվում, այլ քաղաքապետարանների, իսկ երբեմն էլ` թաղապետարանների: Եթե հանրակրթական դպրոցները պետական բյուջեում առանձին տող ունեն, ապա երաժշտական դպրոցները առանձին ֆինասնավորում չունեն:

Իրենց գումարների մի մասը գոյանում է ուսման վարձերից, որոնք իրենք շատ բարձրացնել չեն կարող, քանի որ աշակերտների առանց այն էլ փոքր թիվն է'լ ավելի կպակասի: Լուծումը, տնօրենի կարծիքով, իրենց կարգավիճակի փոփոխությունն է:


Տաթեւիկ Լազարյան