ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Lեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւը

39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից:

Բանաձեւում մասնավորապես նշված է. - «Ադրբեջանի Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում. - «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրս բերում»:

«ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ասված է բանաձեւում:

Փաստաթուղթը նաեւ հաստատում է «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»: Սրան զուգահեռ ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունը ընդունում է «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»:

Բանաձեւի շուրջ քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստին թեժ բանավեճ էր ծավալվել, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին Ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը, ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից, ասել է, թե ներկայացված բանաձում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախագծին», - հայտարարել է Վուլֆը:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ` նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպոլով»:

«Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա», - հայտարարել է Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը»:

Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասը «Իսլակաման համաժողով» կազմակերպության անդամներն են, այդ թվում` Թուրքիան, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետություններից Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեսկտանը:

Ադրբեջանական պատվիրակության պատրատսած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան:

Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջարկին դեմ հանդես եկած երկրներին, ապա դրանց թվում են Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկեանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները կա'մ ձեռնպահ են քվեարկել, կա'մ էլ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը արդեն իսկ հույս է հայտնել, որ այս բանաձեւը «Ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»:

Հայաստանի արտգործնախարարության` ուշ գիշերը տարածած հայտարարության մեջ նշվում է, թե ՄԱԿ-ում անցկացված քվեարկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր. - «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում ադրբեջանական կողմի մոտեցումները` այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի պնդմամբ, ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի»:

Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախահագներին` պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ասել է Ազիմովը: