Եվրամիությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը

Եվրամիության նախագահությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ կոչ է արել իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը:

«Նախագահությանը հատկապես անհանգստացնում են շարունակվող ձերբակալությունների մասին հաղորդագրությունները»,֊ - ասված է նախագահության հայտարարության մեջ:

Միաժամանակ նախագահությունը ողջունել է սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած վերջին քայլերը:

«Նախագահությունը կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»,֊ - նշված է Եվրամիության նախագահության հայտարարության մեջ:

Նախագահությունը վերահաստատել է իր առաջարկը՝ անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ կատարվեց մարտի 1֊ին եւ որոնք էին պատճառները:

Նախագահությունը նաեւ երկխոսության կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին: