«Իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը»

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր հայտարարություն են տարածել, որտեղ պնդում են, թե արտակարգ դրության պայմաններում իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը:

«Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի։ Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ-ի աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը։ Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ»,֊ - նշված է 13 լրատվամիջոցների հայտարարության մեջ:

Փաստաթղթի հեղինակները արձանագրել են. - «Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց»։

«Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը։ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ»,֊ - փաստել են հայտարարության հեղինակները:

Հայտարարությունը ստորագրել են «Ա1+»-ի, Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» կազմակերպության, «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային հանդեսի, «Լրագիր» եւ «Հետք» էլեկտրոնային թերթերի, «Առավոտ», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ», «Հայք», «168 ժամ», «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն» եւ «Տարեգիր» թերթերի խմբագիրները:

Միաժամանակ Ստեփանակերտում լույս տեսնող «Դեմո» հանրային թերթի եւ «Karabakh-open» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիրներն այսօր կոչ են արել Հայաստանի իշխանություններին վերանայել լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները: