Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել են ԱԱԾ-ի օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում

«ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008 թվականի մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը եւ Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանը», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի երեկ տարածած հաղորդագրությունում:

Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ըստ գլխավոր դատախազի խոսնակի հաղորդագրության, «բերման են ենթարկվել եւ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կատարելու կասկածանքով»։