Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանում են Սահմանադրական դատարանի որոշումը

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` «Սահմանադրական դատարանի որոշումը եւս մեկ անգամ փաստեց, որ այս ընտրությունները իրոք համապատասխանում են մեր երկրի օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Ռաֆիկ Պետրոսյանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, ասաց, թե լսել է, որ կան թերություններ, բայց որոնք էին այդ թերությունները` կոնկրետ չեն նշվել որոշման մեջ:

«Ընդհանուր ֆրազա էր դա», - ասաց Ռաֆիկ Պետրոսյանը, ավելացնելով, թե եթե Սահմանադրական դատարանը կոնկրետ որոշում է կայացնում, ապա այն պետք է նշվի «որոշում» բառից հետո: Իսկ այն, ինչ նշված է նկարագրական մասում, ապա դրանցից ոչ մեկը պարտադիր չէ:

«Իմ կարծիքով` որպես իրավաբանի, կար ավելորդություններ», - ասաց հանրապետական պատգամավորը: