Մեթյու Բրայզա. «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կախված կլինեն Հայաստանում ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորումից»

ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել Հայաստանում: Այդ մասին հայաստանյան հանդիպումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Մեթյու Բրայզան հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի պաշտոնյան բոլոր կողմերին հանգստության ու բռնությունը վերջ տալու կոչեր է արել: Նա իր զրուցակիցներին ասել է, որ արտակարգ դրությունը պետք է ավարտվի, եւ որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է:

Բրայզան ընդգծել է, որ երկխոսությունը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար ազատությունը: Նա նաեւ կարեւորել է, որ ոստիկանությունն ու դատարանները մանրակրկիտ լինեն մարտի 1-ի եւ 2-ի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նաեւ շեշտել է համանախագահների պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնական սզբունքները ամբողջականացնելու հարցում:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)