Աղվան Հովսեփյան. «Ընդդիմության լիդերները մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»:

«Այս ողջ ընթացքում օգտագործվել է հոգեբանական դիվերսիա», - լրագրողներին ասաց Աղվան Հովսեփյանը: - «Իրականացվել է հոգեբանական դիվերսիա ժողովրդի այն զանգվածի նկատմամբ, որոնք ներկայացել են հանրահավաքին, որոնց վրա հենվելով պիտի որ իրականացնեին ողջ այդ հանցավոր գործունեությունը: Հոգեբանական դիվերսիայի ընթացքում օգտագործել են բոլոր տեսակի հոգեբանական հնարքները: Օգտագործել են բոլոր տեսակի ստի մեխանիզմները: Սուտ, որի վրա կառուցված է եղել հենց այդ նպատակով հոգեբանական զանգվածային հոգեխանգարմունքի վիճակը»:

Գլխավոր դատախազը ասաց, որ այս պահին քննչական խումբը կալանավորել է 53 մարդու, որոնց արդեն առաջադրվել են մեղադրանքներ: 16 ձերբակալվածներ կան, շուրջ 350 վկա է հարցաքննվել: Աղվան Հովսեփյանի պնդմամբ, այդ մարդկանց խոսքերով ապացուցվել է, որ բոլոր գործողությունները մեկ կենտրոնից են ղեկավարվել:

«Ունենք կոնկրետ ցուցմունքներ, թե ինչ ճանապարհով, որտեղ եւ ինչպես են պատրաստվել, բերվել, բաժանվել մահակներ, մետաղյա ձողեր: Ինչպես են պատրաստվել մարմնական վնասվածքներ պատճառելու համար հատուկ հարմարեցված գործիքներ: Ալկոհոլային խմիչքներ ինչպես են բերել, ինչ նպատակով, որտեղ են բաժանել` նշելով, որ սա արվում է ձեր մարտունակությունը եւ խիզախությունը բարձրացնելու նպատակով: Եվ սա ոչ միայն Երեւան քաղաքի, այլ նաեւ մարզերի տարածքներում»:

Գլխավոր դատախազը փոխանցեց, որ 8 զոհվածների մահվան հանգամանքները գրեթե պարզված են: Ոստիկանության եւ Զինված ուժերի ներկայացուցիչները, հիշեցնենք, հայտարարել էին, որ ցուցարարների վրա կրակ չի բացվել:

«Պայթուցիկ սարքի բեկորներից են մահացել եւս երկու քաղաքացի, որովհետեւ հիմնականում որովայնի եւ աճուկային մասի վնասվածքներ ունեն, եւ բեկորները հանված են», - ասաց Գլխավոր դատախազը` հավելելով, որ փորձագետների խոսքերով, դրանք, «կարծես թե, ինքնաշեն նռնակների բեկորներ են». - «Սպասենք մասնագետների եզրակացությանը»:

Աղվան Հովսեփյանը խոստացավ, թե «դեպքերի կազմակերպիչները չեն խուսափի պատասխանատվությունից». - «Ես` որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, շատ եմ սիրում իմ հայրենիքը եւ իմ ազգին, եւ կանեմ ամեն ինչ, որ ոչ մի հանցագործ, հատկապես լայնածավալ եւ ժողովրդի նկատմամբ հանցագործություն կատարած անձը անպայման կանգնի դատարանի առաջ»:

Ըստ տարածված լուրերի, Մաշտոցի պողոտայում խանութների թալանը կազմակերպել են «հրահրիչներ»: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ստուգվել է այդ վարկածը, Հովսեփյանը ասաց. - «Մի կենտրոնից կազմակերպված լինելու հանգամանքը հաստատող շատ ապացույցներ կան քրեական գործում: Դրա մասին է վկայում նաեւ այդ հանցավոր խմբերի, գրոհայինների խմբերի գործողությունների ուսումնասիրությունը... Թալանել են, կոտրել «Մոսկվայի տունը», դրա հարեւանությամբ «Գլաձոր» համալսարանի պատուհանները շատ փայլուն էին: Սա, իհարկե, մեզ ենթադրություններ անելու տեղիք է տալիս»:

Գլխավոր դատախազը ասաց, որ որպես վկաներ հարցաքննվելու են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, թեեւ կանխակալ կարծիք հայտնեց, թե «նրանց խոսքերը սուտ են», եւ օրինակ բերելով ասաց, թե «այդ օրը որեւէ մեքենա որեւէ մեկին վրաերթի չի ենթարկել», թեեւ «Ժառանգության» պատգամավորները պնդում են, որ նման դեպք եղել է, եւ անգամ պատրաստ են լուսանկարներ տրամադրել:

«Ասեմ նաեւ, որ իմ կողմից որոշում է կայացվել այդ գործերը շատ արագ ավարտել եւ ուղարկել դատական քննության: Մենք նպատակ չունենք դրանք երկար պահելու մեր սեյֆերում, մեր քրեական գործերի մեջ, եւ շատ կարճ ժամանակ հետո դուք ականատես կլինեք այդ ապացույցների ներկայացմանը եւ քննարկմանը դատական նիստերի ժամանակ», - եզրափակեց Հայաստանի գլխավոր դատախազը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)