Վարդան Օսկանյանը ընդունել է Մեթյու Բրայզային եւ Փիթեր Սեմնեբիին

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, դրա կարգավորման ուղիները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը եւ Մեթյու Բրայզան անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին:

Ամերիկացի պաշտոնյան, խոսելով Ադրբեջանում իր հանդիպումների մասին, մտահոգություն է հայտնել օրերս Հայաստան - Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջան սահմանագծերում հրադադարի խախտման կապակցությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային զարգացումների, ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավի ու հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը այսօր ընդունել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: