Ովքե՞ր եւ ի՞նչ երգերով կներկայացնեն Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը «Եվրատեսիլ 2008»-ում

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերջին միջադեպերի եւ հայտարարված արտակարգ դրության հետ կապված հետաձգվի կայանալիք համերգ-քվեարկությունը, երգչուհի Սյուզան Մարգարյանը հայտնեց, որ «դեռ ոչինչ պարզ չէ»:

Առաջին անգամ «Եվրատեսիլ»-ին մասնակցող Ադրբեջանը իր մասնակցին ընտրել է փետրվարի 2-ին: Բելգրադում Ադրբեջանը ներկայացնելու է Էլնուր Հուսեյնով-Սամիր Ջավադզադե դուետը` «Day After Day» երգով:

Մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում կայացած «ընտրական» համերգի ժամանակ իր մասնակցին ընտրեց Վրաստանը: 12 հավակնորդներից վրացիներն իրենց նախընտրությունը տվեցին ռուսաստանցի երգչուհի Դիանա Գուրցկայային: Սուխումիում ծնված, ի ծնե կույր երգչուհին այս տարի կմեկնի Սերբիա` ներկայացնելու Վրաստանը եվրոպական հեղինակավոր երգի մրցույթում: Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրել է համերգը ուղիղ եթերում, հաղթողին հեռուստադիտողները որոշել են կարճ հաղորդագրությունների միջոցով: Վրաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից Դիանա Գուրցկայային տրվել է 10 000 դոլարի չափով պարգեւատրում:

«Եվրատեսիլ»-ում Դիանան կկատարի Տիմա Բրենդերբուրգի եւ Կարեն Կավալերյանի հեղինակած «Peace Will Come» երգը: Ի դեպ, Կարեն Կավալերյանը նաեւ նախորդ տարի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող Հայկոյի երգի խոսքերի հեղինակն է: Այս տարի նա գրել է նաեւ Ուկրաինան ներկայացնող 29-ամյա երհգչուհի Անի Լորակի` «Shady Lady» երգի խոսքերը:

Հաղորդվում է, որ Ուկրաինան ներկայացնող Անի Լորակի պրոդյուսերը այս մրցույթում լինելու է Ֆիլիպ Կիրկորովը, Դիանա Գուցկայայինը` Ալլա Պուգաչովան, իսկ մեր մասնակցի` Սիրուշոյինը, ամենայն հավանականությամբ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2008»-ը կկայանա Բելգրադում: Մրցույթի երկու կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 20-ին եւ 22-ին, եզրափակիչը` մայիսի 24-ին: Նախորդ տարվա հաղթող Սերբիան եւ եւս 4 կազմակերպիչ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, կմասնակցեն միանգամից եզրափակիչ փուլում, Սիրուշոն եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի առաջին կիսաեզրափակիչում` մայիսի 20-ին:


Հասմիկ Սմբատյան