Հիլարի Քլինթոնը կշարունակի պայքարը, հանրապետականներից կառաջադրվի Ջոն ՄըքՔեյնը

Ամերիկյան մի քանի նահանգներում երեկ անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով` նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը կշարունակի պայքարը Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար, իսկ հանրապետականներից կառաջադրվի սենատոր Ջոն ՄըքՔեյնը:

Հիլարի Քլինթոնը իր կուսակից Բարաք Օբամայի նկատմամբ հաղթանակ է տարել Օհայո եւ Տեխաս նահանգներում` դրանով իսկ ընդհատելով սեւամորթ սենատորի հաղթարշավը մի քանի տասնյակ նահանգներում: Ըստ կանխատեսումների` Օհայո եւ Տեխաս նահանգներում նախկին առաջին տիկնոջ պարտությունը վերջակետ կդներ Սպիտակ տան համար նրա պայքարին:

Քլինթոնի եւ Օբամայի պայքարը կշարունակվի Վայոմինգ, Միսիսիպի եւ Փենսիլվանիա նահանգներում անցկացվելիք նախնական ընտրություններում: Առայժմ նախկին առաջին տիկինը զիջում է սեւամորթ սենատորին:

Ջոն ՄըքՔեյնը իր հիմնական մրցակցի` Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիի նկատմամբ երեկ մեծ առավելության է հասել Վերմոնթ, Օհայո, Տեխաս եւ Ռոդ Այլենդ նահանգներում եւ դուրս է թողել նրան հետագա պայքարից: