Բերման է ենթարկվել 55 անձ

«55 անձ բերման են ենթարկվել, ովքեր հարցաքննվում են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցված քրեական գործի շրջանակներում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Ճշտվում է նրանց մասնակցության աստիճանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմանը», - շարունակեց Տռուզյանը: - «Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների (ցուցարարների, ոստիկանների) նկատմամբ: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած եւ դրանց իրականացմանը այլ քաղաքացիներ ներգրաված, իրենց պարտականություններ կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:


Կարինե Քալանթարյան