Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Կեսօրին բախում սկսվեց Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանական նորանոր ուժեր են ժամանում այստեղ, նրանց թվում կան նաեւ դիմակավոր անձինք:

Բախումը սկսվեց այն պահին, երբ ժամանել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ փորձում էին կանխել հնարավոր միջադեպերը:

Առավոտյան ժամը 11-ից հարյուրավոր մարդիկ հավաքվում էին դեսպանատան դիմաց` վանկարկելով «Ազատություն» եւ «Լեւոն»:

Ցուցարարների մոտ կանգնած մահակներով ոստիկանները կոչ էին անում ցրվել, այլապես կարող են լինել անկանխատեսելի հետեւանքներ:

Այդուհանդերձ, ցուցարարների թիվը ավելանում էր, եւ մոտ կես ժամ անց արդեն փակվել էր Գրիգոր Լուսավորիչ պողոտան:

Ցուցարարների թվում կան նաեւ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժածներ` մասնավորապես, գլխի վնասվածքներով: Նրանցից մեկը ուշագնաց եղավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Կեսօրին մոտ ցույցի վայր բերվեց աղբատար մեքենա, որը բեռնված էր Ազատության հրապարակից հավաքված վրաններով եւ այլ իրերով` ջարդուփշուր արված: Այդ ամենը դատարկվեց հենց ցուցացարների մոտ:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)