Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ընտրությունները չբավարարեցին իրական հայկական չափանիշները»

«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այս ընտրությունները, ակնհայտ է, չբավարարեցին իրական հայկական չափանիշները, եւ հույս ենք տածում, որ յուրաքանչյուր հայաստանցու սահմանադրական իրավունքը` արտահայտվելու, հավաքվելու, բողոքարկելու, կպաշտպանվի արժանվույնս, եւ որ Սահմանադրական դատարանը, երբ լսի բողոքարկումը, համալիր, ամբողջական քննարկումից հետո կարձակի այդ վճիռը, որը Հայաստանի ապագայի առաջ կբացի օրինականության, ժողովրդավարության եւ քաղաքացիական իրավունքի դռները», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Չպետք է թույլ տանք, որ խայտառակությունը խորացվի, որ անօրիկանակությունը անդառնալի դառնա», - ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` հավելելով. - «Եվ հասկանանք, որ եթե մենք վերադառնալու ենք այս տարածաշրջանի ժողովրդավարական առաջատարը, եթե մենք իրացնելու ենք մեր ազգային շահերը, արդարացի լուծում գտնելու ենք Արցախյան հիմնահարցին, անհրաժեշտ է, որ անտարակույս, առանց որեւէ կասկածի, Հայաստանի հաջորդ նախագահը վայելի Հայաստանի ժողովրդի աներկբա վստահությունը»:

Նա հույս հայտնեց, որ «քաղաքացիական, քաղաքական եւ իրավական գործընթացները կբերեն այդ եզրահանգմանը»:

«Այսօր յուրաքանչյուրս պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, եւ անհրաժեշտ է ոչ միայն խիզախություն, հանձնառություն, կամք եւ պատասխանատվություն, այլեւ շրջահայացություն, ինչպես նաեւ բազմախոսություն, որ Հայաստանը ամրապնդի իր դիրքերը, եւ ոչ թե առավել կորցնի այն, ինչ ժամանակին ուներ` որպես ժողովրդավարական առավելություն ունեցող երկիր եւ գործոն տարածաշրջանում», - ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Ռուբեն Մելոյան