Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, փետրվարի 23-ին ձերբակալված Գագիկ Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` «ապօրինի զենք եւ զինամթերք պահելը, փոխադրելը, կրելը», ինչպես նաեւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Գագիկ Ջհանգիրյանը այսօր առավոտյան տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Գագիկ Ջհանգիրյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը ասաց, որ ահազանգ էր ստացել, թե Ջհանգիրյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Հանդիպման ժամանակ, սակայն, Փոստանջյանը բռնության հետքեր չի նկատել:

«Ինձ հասկանալի է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, եւ նրա նրա նկատմամբ քրեական հետապնդում է տեղի է ունեցել իր քաղաքական հայացքների համար», - հավելեց Զարուհի Փոստանջյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանի եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, ով նույնպես ձերբակալվել է փետրվարի 23-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով` «իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն կատարելու սպառնալիքով»:

Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով սահմանված առավելագույն պատիժը ազատազրկումն է 3 տարով, 316 հոդվածի առաջին մասով` 5 տարով, նույն հոդվածի երկրորդ մասով` մեկ տարով:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` Գագիկ Ջհանգիրյան)