Հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հաղորդում է դատախազությունը, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ նախագահի ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է դիրքը՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում մտցրել է թեկնածուներին տրված ձայների քանակի վերաբերյալ ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ այն հաստատելով իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց ստորագրություններով՝ այդ եղանակով դիտավորությամբ կեղծելով քվեարկության արդյունքները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը:

Այս հոդվածով նախատեսված պատիժը՝ 2-֊ից մինչեւ 5 տարի ազատազրկումն է:

Քրեական գործն այսօր ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է նաեւ Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ընտրությունների ընթացքում Մարալիկ քաղաքում տեղակայված 36/34 ընտրատեղամասում օրենքով սահմանված կարգով Սուրեն Ավետիսյանը գրանցվել է որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ:

Քվեարկության օրը Ավետիսյանը գնացել է ընտրական տեղամաս, որի մոտ հավաքված են եղել մի խումբ անձինք: Տեղեկանալով, որ Ավետիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն է, քաղաքացի Հարություն Ուռուտյանը, առանձնանալով տեղամասի մոտ հավաքված անձանցից, թույլ չի տվել նրան մտնել ընտրատեղամաս, վիճաբանել, դիտավորությամբ բռունցքներով եւ գլխով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ խոչընդոտելով վստահված անձի լիազորությունների իրականացմանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ուռուտյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ:

Քրեական գործը այսօր ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար: